Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: Փաշինյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը:
«Պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով, նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը: Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին արցախցիներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, հյուրանոցներում, հյուրատներում:
Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել նրանց կոմունալ վճարների աջակցության միջոցառում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերին որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել: Անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման առաջարկություններ: